AM
23 Մարտ 2018 - 08:02 AMT

ԵՏՄ-ում ուզում են արգելել արմավենու յուղով պատրաստված շոկոլադը

ԵՏՄ երկրներում առաջարկում են արգելել շոկոլադի վաճառքը, որտեղ կակաոյի յուղը փոխարինող բուսական յուղերի քանակը գերազանցում է 5%-ը: Այն արտադրողները, որոնք լայնորեն կիրառում են արմավենու յուղը, ստիպված կլինեն վերանվանել իրենց արտադրանքը, քանի որ հակառակ դեպքում այն կեղծ կհամարվի, գրում է «Իզվեստիան»:

«Ռոսստանդարտում» հայտարարել են, որ նոր պահանջները չեն տարծվելու գլազուրի և այլ կիսաֆաբրիկատների վրա:

Նախագիծը մշակել է Բելառուսը, այն ուղարկվել է համաձայնեցման ԵՏՄ երկրներ: Ըստ փաստաթղթի, առաջարկվում է շոկոլադում կակաոյի յուղի փոխարեն այլ, բուսական յուղերի, այդ թվում արմավենու յուղի, պարունակությունը սահմանափակել 5 տոկոսով:

Հարկավոր է պահպանել կակաոյի յուղի որոշակի ծավալ, օրինակ, դառը շոկոլադի համար՝ առնվազն 33 տոկոս, կաթնայինի դեպքում՝ 25 տոկոս:

Նախագիծը ներպետական համաձայնեցման է գտնվում ՌԴ, Հայաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարություններում:

Ենթադրվում է, որ շոկոլադի մասին փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ խորհրդում ընդունվելուց 6 ամիս անց: