Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից գրեթե 2 տարի անց Թուրքիան հայտնի իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա 7 թիմակիցներին ձերբակալելու որոշում է կայացրել՝ նրանց համարելով գլխավոր կասկածյալներն այդ գործով:
Նրանք մեղադրվում են կանխամտածված սպանության և պետական հեղաշրջման փորձի մեջ, գրում է Deutsche Welle-ն Anadolu-ի վրա հղումով:
Գյուլենն ապրում է արտերկրում՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Նախկինում թուրքական իշխանությունները բազմիցս են նրան մեղադրել 2016-ի հուլիսի հեղաշրջման նախապատրաստման մեջ: Անկարան ապարդյուն փորձում է հասնել նրան, որ Վաշինգտոնն արտահանձնի քարոզչին Թուրքիային:
Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի է ունեցել 2016-ի դեկտեմբերի 19-ին, երբ նա ելույթ էր ունենում ցուցահանդեսի բացմանը: Դեսպանը մահացավ ստացած հրազենային վերքերից: Դիվանագետի վրա կրակած 22-ամյա Մերթ Ալթինթաշը սպանվեց ոստիկանական գործողության ժամանակ: Ըստ քննության, հարձակվողը կապ ուներ Գյուլենի հետ և անձամբ էր նրան ճանաչում:






