AM
5 Ապրիլ 2018 - 09:40 AMT

ՌԴ վիճակախաղերի միակ օպերատոր Սարգսյանը ներդրում է արել Sport24.ru կայքում

ՌԴ-ում վիճակախաղերի հիմնական կազմակերպիչ և 888.ru բուքմեքերի սեփականատեր Արմեն Սարգսյանը որոշել է զբաղվել մարզական ուղղվածության ԶԼՄ-ներով: Նա ներդրումներ է կատարել Sport24.ru կայքում, ուր տեղափոխվել է Championat.com-ի անձնակազմի մի մասը:

Նպատակ է դրված, որ 2 տարուց կայքը մտնի մարզական 5 լավագույն կայքերի շարքը: Դրա համար կպահանջվի 200-300 մլն ռուբլի, ըստ շուկայի մասնակիցների:

Նախագիծն աշխատում է բետա տարբերակով, իսկ ապրիլին և մայիսին լուրջ համալրում է սպասվում: Այդ մասին «Կոմերսանտին» է պատմել Sport24.ru-ի գլխավոր խմբագիր Սամվել Ավագյանը: Նա հաստատել է, որ կայքը մտնում է Արմեն Սարգսյանի «С8 Կապիտալ» բազմապրոֆիլ հոլդինգի մեջ:

Մարզական կայքի գործարկումը կոմերցիոն նախագիծ չէ, այլ հոլդինգի բաժնետերի անձնական նախաձեռնությունն է, ուղղված սպորտի աջակցությանն ու հանրայնացմանը: Ըստ Ավագյանի, դա առավել ակտուալ է դառնում ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ:

Արմեն Սարգսյանը ՌԴ վիճակախաղի շուկայում իշխող դիրք գրավեց 2014-ի օրենքից հետո, երբ օրինական համարվեցին միայն պետական վիճակախաղերը, որոնց կազմակերպիչն է հանդիսանում սպորտի և ֆինանսների նախարարությունը: