Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերի վերաբերյալ։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ ՄԻՊ աշխատակազմը հավաքագրել ու վերլուծել է հավաքի ընթացքում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերը, եղած բոլոր նյութերը կուղարկվեն Դատախազություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու պահանջով:
Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների ու ցուցարարների միջև բախման ժամանակ տու-ել էր 46 հոգի, 6-ը՝ ոստիկան։ Իրավապահները տուժել էին, մասնավորապես, ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակի պայթյունից։
«Հատկապես մտահոգիչ են հավաքի մասնակիցների և ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունները: Դրանք պետք է քննության առարկա դարձվեն համապատասխան միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։ Մտահոգիչ է նաև Երևանի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների և նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը։ Այդ առնչությամբ ակնկալում ենք Ոստիկանության պարզաբանումները», – նշվում է հայտարարությունում։
«Հատուկ կարևորում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հավաքի ընթացքում ելույթ ունեցող մյուս գործիչների անընդհատ կոչերն ու հորդորները բռնությունից զերծ մնալու և հավաքի խաղաղ բնույթը պահպանելու վերաբերյալ: Այդ կոչերի կարևորությունը պայմանավորված է նաև այն փաստով, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի գրառումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությամբ արձանագրվել են ատելության խոսք և բռնության կոչեր», – ասվում է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ factor.am օպերատորի տուժելու և տեխնիկայի վնասվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխան քննության պահանջով նույնպես կուղարկվի իրավապահ մարմիններին:






