AM
23 Ապրիլ 2018 - 10:07 AMT

Զատուլին. ՌԴ-ն չի միջամտի ՀՀ ներքին գործերին

Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին իրադարձություններին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Գովորիտ Մոսկվային» տված հարցազրույցում:

Ըստ նրա, Ռուսաստանը չունի և չի կարող նման մտադրություն ունենալ:

«Արդյոք Ռուսաստանը պետք է ակտիվ ուժի դերում հանդես գա՝ միջամտելով Հայաստանի ներքին իրադարձություններին: Չեմ կարծում, որ այդպիսի պահ է եկել…Հայաստանում ընդունված չէ ներհայկական հարցերի լուծմանը այլոց ներգրավել, դա շատ ավելի մեծ բացասական արձագանք կունենա գործող կառավարության կողմնակիցների շրջանում»,- ասել է Զատուլինը:

Նա հավելել է, որ Հայաստանի գործող իշխանության ռեսուրսները թույլ են տալիս հանգուցալուծել ներքին դիմակայությունը:

«Իշխանությունների ռեսուրսն ամենևին էլ սպառված չէ, որը մի կողմից պատրաստ է հանդիպել ընդդիմության սթափ դատող ներկայացուցիչների հետ, մյուս կողմից՝ հաստատակամ է այն անձանց ձերբակալության հարցում, որոնք փաստացի հեղաշրջման կոչ էին անում»,-հայտարարել է Զատուլինը:

Ըստ նրա, այս իրավիճակում Ռուսաստանը բացառապես դիտորդի դեր կարող է ստանձնել՝ շահագրգռված լինելով, որ կայունությունը Հայաստանում պահպանվի: