AM
24 Ապրիլ 2018 - 06:40 AMT

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում վերջին իրադարձություններին և ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ», – ասված է հայտարարությունում: