Ապրիլի 23-ին Էջմիածնում սպանվել է ԵՐԿՐԱՊԱՀ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը։
Ըստ Քննչական կոմիտեի, 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Հովհաննիսյանը մահացել է։
Հովհաննիսյանն, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակիցն է, ըստ "Հետքի", դանակահարվել է ցուցարարներից մեկի հետ վեճից հետո։
Հովհաննիսյանին դանակահարել են Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին, ինչպես նաև ապրիլյան պատերազմին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:






