AM
4 Մայիս 2018 - 10:48 AMT

Բաղդասարյան. Մայիսի 8-ին կունենանք վարչապետ

Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, որոշումը կլինի միասնական: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Այն հարցին, թե այս անգամ ՀՀԿ-ն չի՞ խոչընդոտի ընտրությունների կայացմանը, Բաղդասարյանը հակադարձել է. «Դուք լավ չեք հետևում, նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք», հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցության մեջ կլինեն պատգամավորներ, որոնք կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանն ասել է. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։