AM
15 Մայիս 2018 - 12:46 AMT

Բաբլոյան. Ժողովրդավար Արցախը երբեք ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել

Ժողովրդավար Արցախը երբեք ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ հանդիպմանը:

Դեսպանը խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում` ընդգծելով. «Արցախի ժողովուրդն այդպես է պատկերացնում իր ապագան՝ անկախ և ժողովրդավար. դրան այլընտրանք չի կարող լինել»:

Ճապոնիայի դեսպանն իր հերթին բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա ընդգծել է, որ Ճապոնիան կողմնակից է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Էյջի Տագուչին նշել է, որ իր երկրի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ ներդրումային համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ ՀՀ խորհրդարանը ևս այն սեղմ ժամկետներում կվավերացնի:

Բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք կառուցված են բարեկամության և փոխվստահության վրա:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար՝ հորդորելով դեսպանին այդ հարցում կրկնակի ակտիվությամբ համագործակցել կառավարության հետ:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն է, որի վառ ապացույցը Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն էին, երբ ոստիկանությունն ու ցուցարարները միմյանց նկատմամբ հանդուրժող ու հարգալից պահվածք դրսևորեցին: