AM
18 May 2018 - 09:53 AMT

Յուրչենկոն չի մասնակցի ՀՀ հավաքականի ընկերական խաղերին՝ դեռ որոշում չի կայացրել

Ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, արձագանքելով Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու հրավերին, ասել է, որ ցանկանում է խաղալ Հայաստանի համար, սակայն, չգիտի, թե ինչպես դա կընկալվի իր նոր ակումբում: Այդ մասին ֆուտբոլիստն ասել է sport-express-ին տված հարցազրույցում:

Դավիթ Յուրչենկոյի պայմանագիրը «Տոսնոյի» հետ ավարտվում է մայիսի 31-ին: Ֆուտբոլիստը դեռ չգիտի, թե որ ակումբ է տեղափոխվելու:

ՀՖՖ նախագահՌուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Յուրչենկոն համաձայնել է միանալ Հայաստանի ազգային թիմին: Խոսելով այդ մասին՝ Յուրչենկոն ասել է, որ դա այդքան էլ այդպես չէ: «Այո, մենք իրոք խոսել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ես և իմ ներկայացուցիչները: Քննարկել ենք պայմանները, որոնց առկայության դեպքում ես կհամաձայնվեմ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Առաջին հերթին նկատի ունեմ իմ նոր ակումբի դիրքորոշումը: Ինչպե՞ս նրանք կվերաբերվեն այն հանգամանքին, որ ես լեգեոներ կլինեմ»,-ասել է Յուրչենկոն:

Ռուսաստանում լեգեոներների սահմանափակման մասին օրենք է գործում: Խաղալով Հայաստանի հավաքականում՝ Յուրչենկոն Ռուսաստանում կհամարվի լեգեոներ, ինչն իր հերթին խնդիրներ կառաջացնի ակումբում:

Նա հավելել է նաև, որ եթե այդ կարգավիճակն ակումբին չգոհացնի, առայժմ հարկ կլինի մոռանալ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու մասին: «Եթե հայտնվեմ Եվրոպայում, ինչը չի կարելի բացառել, այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չի լինի: Այո, բազմիցս եմ ասել, որ ուզում եմ խաղալ Հայաստանի համար: Ինձ համար դա նոր մարտահրավեր է, նոր փուլ կարիերայում: Ես պետք է առաջ գնամ: Սակայն, ինչպես արդեն ասացի, առաջնային է լինելու ակումբի դիրքորոշումը»:

Ֆուտբոլիստը նշել է, որ Ռուսաստանում լեգեոներ դարպասապահ ոչ ոքի պետք չէ: «Ուստի, պետք է սպասել: Այդ մասին էլ ասել եմ ՀՖՖ-ին և կարծիքս չեմ փոխել»:

Ելնելով այդ հանգամանքից՝ Յուրչենկոն չի մասնակցի Մալթայի և Մոլդովայի հետ Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին՝ դա անիմաստ համարելով: «Մեկնել ուղղակի ծանոթանալու համար ճիշտ չի լինի, քանի որ ես հույս կտամ մարդկանց, թեև արդեն հայտնեցի իմ դիրքորոշումը: Իսկ եթե հանկարծ միկրովնասվածք ստանա՞մ այդ ընկերական հանդիպումների ժամանակ, դեռ ակումբ չգտած: Եվ ո՞վ այդ դեպքում կզբաղվի իմ առողջական խնդիրներով: Արդյունքում՝ կմնամ առանց թիմի ու վնասվածքով: Այդ դեպքում ի՞նչ անեմ»,-ասել է նա: