Գերմանիայի ՆԳՆ-ն օրենքից դուրս է ճանաչել Գերմանիայի տարածքում գործող Osmanen Germania BC ազգայնական կազմավորումը, որը ստեղծել են ԳԴՀ-ում բնակվող թուրքերը: Դա ռոքերների խմբի և բռնցքամարտիկների ակուբի միավորում է, որի անդամներն իրենց «եղբայրություն» են կոչում:
Ինչպես ասվում է հուլիսի 10-ին հրապարակված հայտարարության մեջ, որը ստորագրել է ՆԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերը, «ակումբը լուրջ վտանգ է ներկայացնում առանձին անձանց և լայն հասարակայնության համար»:
Բացի այդ, հուլիսի 10-ին խուզարկություններն են անցել միավորության անդամների մոտ, գրում է Deutsche Welle-ն:
Ինչպես նշել են նախարարությունում, խմբավորման գործունեությունը հակասում է օրենքին, որը կանոնակարգում է հասարակական միավորումների ստեղծման կարգն ու իրավունքները: Արգելվել են կազմավորման բոլոր բաժանմունքները, որոնք առնվազն 16-ն են:
Osmanen Germania BC ազգայնական կազմավորումը վաղուց է հայտնվել Գերմանիայի իշխանությունների տեսադաշտում: Ընդհանուր առմամբ կազմակերպությունը մոտ 2500 անդամ ունի երկրի ամբողջ տարածքում: Ըստ ոստիկանության, Թուրքիայի իշխող ԱԶԿ անդամ և նախագահ Էրդողանի վստահված անձ Մեթին Քյուլունքը ակումբի ղեկավարությանը ֆինանսավորում է փոխանցել՝ անձամբ կամ միջնորդների միջոցով: Գումարի դիմաց բռնցքամարտիկները պետք է հետապնդեին գերմանաբնակ քրդերին ու Էրդողանի ընդդիմախոսներին: Ենթադրվում է, որ Քյուլունքը պատասխանատու է նաև 2016-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ կազմակերպված բողոքի ցույցերի համար:






