Amazon համացանցային հարթակի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը դարձել է արդի պատմության ամենահարուստ մարդը: Այդ մասին հուլիսի 17-ին հայտնել է Bloomberg-ը՝ միլիարդատերերի սեփական վարկանիշի վրա հղումով:
Այժմ գործարարի կարողությունը գնահատվում է մոտ 150 մլրդ դոլար: Դա գրեթե 55 միլիարդով ավելի է, քան Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը:
Ավելին, Բեզոսը գերազանցել է Գեյթսի ռեկորդը, որը սահմանվել էր 1999-ին: Այն ժամանակ Գեյթսի կարողությունը գերազանցեց 100 մլրդ դոլարի շեմը, ինչը սղաճը հաշվի առնելով համարժեք է այսօրվա 149 մլրդ դոլարին, գրում է Deutsche Welle-ն:
Այդպիսով, Բեզոսը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը 1982-ից ի վեր, երբ առաջին անգամ հրապարակվեց Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշը:
Ըստ Bloomberg-ի գնահատականի, Գեյթսը նույնպես կարող էր հատել 150 մլրդ դոլարի շեմը, եթե միջոցների մի մասը չհատկացներ բարեգործությանը: 1996-ից նա բարեգործությանն է նվիրաբերել Microsoft-ի գրեթե 700 մլն բաժնետոմս և 2,9 մլրդ դոլար կանխիկով և այլ ակտիվներով:






