AM
30 Հուլիս 2018 - 11:09 AMT

ԱՄՆ-ն ու թալիբները բանակցում են Աֆղանստանում հրադադարի մասին

ԱՄՆ և ծայրահեղական իսլամական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է դրական ազդակով: Այդ մասին են հայտնել իրազեկ աղբյուրները: Ըստ նրանց, բանակցություններում քննարկվել է հրադադարի ռեժիմն Աֆղանստանում:

«Թալիբանի» ներկայացուցիչը, որն, իր իսկ խոսքերով, եղել է բանակցություններում շարժման 4 պատվիրակներից մեկը, հայտնել է, որ դրանք անցել են Քաթարի մայրաքաղաք Դոհայի հյուրանոցներից մեկում, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Հանդիպումը չի կարելի խաղաղ բանակցություններ անվանել, սակայն, այն սկիզբ է դրել նոր ձևաչափի, նշել է աղբյուրը: Ըստ նրա, կողմերը պայմանավորվել են նոր հանդիպումների և երկխոսության միջոցով Աֆղանստանում հակամարտության կարգավորման մասին: Ընդ որում, «Թալիբանը» պնդել է, որ բանակցություններին չմասնակցեն Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչները:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը և New York Times-ը «Թալիբանի» վրա հղումով հայտնել էին ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպման մասին, որը գլխավորել է Հարավային Ասիայի գծով Պետդեպի ներկայացուցիչ Էլիս Ուելսը: Պաշտոնական հաստատում լուրը չի ստացել:

Ըստ Reuters-ի աղբյուրների հրադադարի նոր ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել օգոստոսի 22-ին, երբ երկրում տոնական օրեր են լինելու՝ նվիրված հաջի ավարտին: