Միջոցառման գլխավոր իրադարձությունը Մարտիրոսյանի վերադարձն է: Ինչպես նշում են շոուի կազմակերպիչները, վերջին կես տարում Մարտիրոսյանի անունը պարուրված է միֆերով ու շշուկներով, սակայն արդեն սեպտեմբերին նա կրկին բեմ դուրս կգա:
PanARMENIAN.Net –ը զրուցել է հայտնի շոումենի հետ առաջիկա փառատոնի, Երևանի 2800-ամյակի, հումորի սահմանների, հետագա ծրագրերի և այլի մասին:
(?) Հայաստանում համերգով եղել եք 2016-ին: Գո՞հ էիք հանդիսատեսի և մյուսների արձագանքից:
(!) Ոչ այնքան, քանի որ համալիրի սպորտային դահլիճը շատ մեծ է Comedy Club-ի համար՝ հանդիսատեսի ուշադրությունը ցրվում էր, ձայնը նույնպես: Դա հիանալի բեմ է, բայց ոչ մեզ համար: Մենք հաշվի ենք առել մեր այն համերգի կազմակերպչի փորձն ու նոր կազմակերպիչներին առաջարկել նկարահանումներն անցկացնել փոքր դահլիճում՝ այն ավելի գողտրիկ է և իդեալական է Comedy Club-ի համար: Կարևոր է նաև այն փաստը, որ 2016-ին ուղղակի համերգ էր, իսկ սեպտեմբերի 15-ին և 16-ին լիարժեք Comedy-ի է լինելու, աստղերի մասնակցությամբ և ՏՆՏ-ի համար նկարահանումներով:

(?) Ինչո՞ւ նախկինում չկային նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու մտադրություններ: Եվ ազդե՞լ է արդյոք ընդլայնված կազմով ՀՀ գալու Ձեր որոշման վրա Երևանի 2800-ամյակը: Կարե՞լի է Comedy Club փառատոնը որպես յուրօրինակ նվեր համարել մայրաքաղաքին:
(!) Հե՛նց այդպես: Միշտ ենք մտածել և երազել Comedy Club-ը Երևանում նկարահանելու մասին, բայց ծանրակշիռ և տոնական առիթ հիմա ընձեռվեց: Մենք մտադիր էինք փառատոնը Երևանում անցկացնել դեռ նախորդ աշնանը, սակայն հաղթահարեցինք այդ գայթակղությունն ու որոշեցինք սպասել մեր սիրելի քաղաքի 2800-ամյակին և տոն պարգևել հենց այս աշնանը:
(?) Պավել Վոլյան հայերին ուղղված իր ուղերձում նշել է, որ Comedy Club-ի ռեզիդենտները վաղուց էին ցանկանում ելույթ ունենալ Հայաստանում, «սակայն, այնուամենայնիվ, դա ուրիշ երկիր է, իր մտածելակերպով»: Ի՞նչ նկատի ուներ՝ որ Comedy Club-ի հումորը շա՞տ համարձակ է զուսպ հայերի համար:
(!) «Հայաստանը միշտ մերձավոր երկիր է եղել Ռուսաստանի համար և մենք միշտ ցանկացել ենք այնտեղ ելույթ ունենալ: Բայց եկեք չմոռանանք, որ դա այնուամենայնիվ այլ երկիր է, իր մտածելակերպով: Ուստի մեզ համար այս փառատոնը ստեղծագործական մարտահրավեր է: Է՞լ ինչ կա հետաքրքիր: Մենք հատուկ ծրագիր կպատրաստենք և հանդես կգանք սուպերլիարժեք կազմով՝ ոսկե, արծաթե, ինչպես ուզում եք կոչեք»,- ավելի վաղ ասել էր Վոլյան հայ հանդիսատեսին հասցեագրված իր ուղերձում:
Դա ոչ միայն հայ հանդիսատեսին է բնորոշ: Comedy Club-ը բոլորի համար է մի քիչ կտրուկ: Բնականաբար, հայերի մտածելակերպը զգալի ազդեցություն ունի կտրուկ հումորի ընկալման վրա, բայց չեմ կարծում, որ երևանյան հանդիսատեսը շոկի մեջ կլինի մեր ելույթից: Խարլամովն, իհարկե, խուլիգանություն կանի բեմում, USB խումբն իր սադրիչ կատակներով ու հոլովակներով ամեն դեպքում էպատաժի կենթարկի հանրությանը, բայց չէ որ սա հումոր է և դրան պետք է հանգիստ ու ժպիտով վերաբերվել:

(?) Չկա՞ այնպիսի զգացողություն, որ վերջին շրջանում հեռուստադիտողի հետաքրքրությունը Comedy Club-ի հանդեպ մի փոքր նվազել է:
(!) Ոչ, զգացողությունները մաթեմատիկական մեծություններ չեն: ՏՆՏ հետազոտությունները ցույց են տալիս, որ Comedy Club-ի դիտումները հեռուստաեթերով տարեցտարի աճում են:
(?) Ինչպե՞ս եք վերաբերվում Comedy Club-ի և այլ հումորային նախագծերի գրաքննության որոշ փորձերին: Հումորը պե՞տք է սահմաններ ունենա: Եվ եթե այո, ապա որո՞նք են դրանք:
(!) Գրաքննություն մենք չունենք, այն իմատով, որ դուք նկատի ունեք: Կա ներքին գրաքննություն, և, ղեկավարվելով հումորի մասին մեր սեփական պատկերացումներով, մենք խմբագրում ենք ինքներս մեզ: Անշուշտ, հումորի սահմանները պետք է հստակ լինեն՝ մեզ համար ուղղակի անթույլատրելի է որոշ բաների մասին կատակելը: Թեև «լուրջ» արվեստի ճյուղերից շատերը, նկատի ունեմ կինոն, բալետը, թատրոնը, կերպարվեստը, լուսանկարչությունը, իրենց այնպիսի բացահայտ ու վուլգար էքսպերիմենտներ են թույլ տալիս, որ համեմատության մեջ մեր «անլուրջ» Comedy Club-ն ուղղակի անվնաս ու մեղմ շոու է:
(?) Եվ վերջում հետագա ծրագրերի մասին: Կան արդյո՞ք նոր հետաքրքիր նախագծեր: Չէի՞ք ցանկանա ինչ-որ նախագիծ Հայաստանում անել հայ հանդիսատեսի համար:
(!) Նախագծերը շատ են, ամեն ինչի մասին չես պատմի: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին և հայկական հեռուստատեսության համար հատուկ նախագծին, ապա, ճիշտն ասած, ուղղակի ժամանակը չի բավականացնում, թեև անձամբ ես շատ կուզեի: Մի բանում վստահ եմ՝ Comedy Club փառատոնը Երևանում մասնակիորեն կարող է համարվել հումորային հատուկ նախագիծ Հայաստանի համար:
2016-ի օգոստոսին Երևանում տեղի ունեցավ Comedy Club-ի առաջին համերգը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում հանդես եկավ Comedy Club-ի հումորիստների հիմնական կազմը՝ Գարիկ Մարտիրոսյան, Գարիկ Խարլամով, Թիմուր Բատրուտդինով, Դեմիս Կարիբիդիս, Դմիտրի Սորոկին, Անդրեյ Սկորոխոդ, USB խմբի և ռուսական հեռուստատեսության լավագույն կատակերգական շոուի բազում այլ ռեզիդենտների մասնակցությամբ:






