Հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում կկայանա «Աշխարհի հայերը դարերի սահմանագծում եւ միջազգային հարաբերությունների արդի խնդիրները» միջազգային համաժողովը: Համաժողովում, որը անց է կացվում «Ռուսաստանի հայերի միության» հովանավորության ներքո, կմասնակցեն տարբեր երկրների հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, հայտնի ռուսաստանյան քաղաքագետներ, տնտեսագետներ եւ գիտնականներ: Համաժողովի նախապատրաստման հարցերը քննարկել են երեկ Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը եւ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը: Վոլոշինը դրական է գնահատել հայ համայնքի ներդրումները Ռուսաստանի եւ Հայաստանի փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մարդասիրական հարաբերություներում: Նա նշել է նաեւ համաժողովի անցկացման կարեւորությունը` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական կապերի հետագա զարգացման նպատակով հայկական սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման առումով: