AM
20 Սեպտեմբեր 2018 - 13:12 AMT

Պուտին. ՌԴ-ՀՀ գործընկերության ընդլայնումը երկու ժողովրդի շահերից է բխում

Ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է երկու եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը նա Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը»:

ՌԴ նախագահը նաև համոզված է, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ընդլայնումն ընթանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»,-ասվում է ուղերձում, հայտնումէ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինից, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենից, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից: