Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1200-ի: Երկրի նախագահը հանձնարարել է ընդունել միջազգային օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար: Այդ մասին հայտնել է Ներդրումային համակարգող խորհրդի նախագահ Թոմ Լեբորգը:
Ինդոնեզիային օգնություն է խոստացել Հարավային Կորեան, որը 1 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի: Եվրամիության անունից Եվրահանձնաժողովը 1,5 մլն օգնություն կհատկացնի Ինդոնեզիային շտապ հումանիտար օժանդակության նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու եւ Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի եւ մեծ ավերածությունների պատճառ է դարձել:
Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին: Ստորգետնյա ցնցումներից հետո կղզու վրա 2 մետրանոց ալիք է եկել: Արդյունքում հազարավոր տներ են ավերակների վերածվել,ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի կենտրոններ:






