Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ հույս հայտնելով, որ «ՀՀ ղեկավարությունը կշարունակի բանակցային գործընթացը»:
Մամեդյարովը հայտարարել է. «Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է բովանդակալից երկխոսություն վարել: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու շարունակվող քաղաքական անկայունությունը որոշակիորեն արգելակել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել՝ գործող ձևաչափի շրջանակում ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»:
Նա հայտարարել է, թե «Ադրբեջանը պատրաստ է շարունակել սուբստանտիվ բանակցությունները, որոնց նպատակն է սկսել հակամարտության փուլային կարգավորման գործընթացը»:
Ավելի վաղ, ՖՄԿ Երևանի գագաթնաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել էր, որ հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։






