AM
22 Նոյեմբեր 2018 - 10:55 AMT

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ Դորենկոյի խոսքերի մասին. Չենք կարող մեկնաբանել նման զառանցանքը

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի խոսքերը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Ավելի վաղ Դորենկոն եթերում քննադատել էր Փաշինյանի դիրքորոշումը Երևանում ԼԳԲՏ համաժողովի անցկացման վերաբերյալ: Նա ասել էր, թե Փաշինյանի հայտարարություններն այդ մասին «լրջորեն վնասում են նրա քաղաքական կերպարին»:

Ի պատասխան Դորենկոյին՝ ՀՀ դեսպանատունը հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչությանն, անշուշտ, հարիր չէ հրապարակայնորեն «մեկնաբանել արտահայտությունները, որոնք մարազմի ևզառանցանքի են նման, որքան էլ դա ոչ դիվանագիտորեն հնչի»:

«ՌԴ մեդիատարածքում վերջին շրջանում տարբեր ոչ ադեկվատ, տրամաբանությունից զուրկ, սադրիչ արտահայտություններ ենք տեսնում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Հիմնականում հասկանալի է, թե ինչու են այս կամ այն ռուսական մեդիաանձերն այդքան «մտահոգ» որոշ հարցերով, որոնք, մեղմ ասած, դուրս են նրանց իրավասությունից»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Դեսպանատունը նշում է, որ հատկապես դժվար է չարձագանքել, մասնավորապես, այսպես կոչված «փորձագետների ու լրագրողների կարծիքին», որոնք դուրս են պարկեշտության սահմաններից և միայն վիրավորանք են պարունակում երկրի, ժողովրդի և իշխանությունների հասցեին:

«Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին և վիրավորական արտահայտություններ է թույլ տվել մեր երկրի և նրա ղեկավարության հասցեին: Պարոն Դորենկոն և նրա գործընկերները պետք է հրաժարվեն ապատեղեկատվություն տարածելուց: Մի խեղաթյուրեք իրականությունը, մանիպուլյացիայի մի ենթարկեք փաստերը: Դուք պատասխանատու եք յուրաքանչյուր բառի համար: Այդ պատասխանատվութնունն, առաջին հերթին, դուք կրում եք սեփկան հեղինակության հաշվին»,-ասվում է հայտարարության մեջ:

Դորենկոն, իր հերթին, պատասխանել է ՀՀ դեսպանատանը՝ հայտարարելով, որ երբեք իրեն թույլ չէր տա «անհարգալից վերաբերմունք Հայաստանի հանդեպ»: «Հայաստանը և նրա զարմանալիորեն տաղանդավոր ու աշխատասեր ժողովուրդը արժանի են մեծագույն հարգանքի: Իմ դատողությունները, սակայն, իմ անձնական կարծիքն են ոչ թե երկրի, այլ Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցների հակասական արարքների մասին: Կարծում եմ, արարքների մասին կարծիք ունենալն իմ իրավունքն է»,-գրել է Դորենկոն իր տելեգրամ-ալիքում: