AM
26 Նոյեմբեր 2018 - 11:22 AMT

ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ԱԳՆ են կանչել

Նոյեմբերի 26-ին ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ԱԳՆ են կանչել: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա, «առիթն ուկրաինական կողմի ագրեսիվ և սադրիչ գործողություններն են»: Զախարովան նշել է, որ «խոսքը ոչ թե ուղղակի իրավական նորմերը չպահպանելու մասին է Ուկրաինայի կողմից, այլ ծրագրված սադրանքի և ագրեսիվ գործողությունների մասին», գրում է Deutsche Welle-ն:

«Ինչպես հասկանում ենք, այդ սադրանքը և բոլոր սադրիչ գործողությունները նախապես են պատրաստվել»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել էր ՌԴ ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին և նավերը, որոնք կալանվել են Կերչի նեղուցում: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ: Կանադան ՌԴ-ին մեղադրել է ագրեսիայի մեջ, իսկ Գերմանիան կոչ է արել կողմերին ձեռնպահ մնալ հետագա սրացումից:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավանություն է տվել երկրում ռազմական դրություն հայտարարելուն՝ առանց համընդհանուր զորակոչի ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման:Այդ մասին նա ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում: Ըստ BBC-ի, պատճառը Կերչի նեղուցի մոտ ուկրաինական մոտորանավերի գնդակոծումն ու զավթումն է ռուսական ԶՈւ նավերի կողմից: արցը քննարկվելու է նոյեմբերի 26-ին Գերագույն ռադայի արտահերթ փակ նիստում: