Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան ՌԴ արական սեռի քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
«Սաhմանային հսկիչ անցակետերում ստուգման ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Սահմանափակվել է օտարերկրացիների, առաջին հերթին՝ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր: Արգելված է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր»,- պետական սահմանապահ ծառայության ղեկավար Պետրո Ցիգիկալին հղումով, գրել է Պորոշենկոն։
Նոյեմբերի 25-ի առավոտյան երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար և հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:






