Թուրքիան Աֆրինի ձիթապտղի այգիների բերքը «արտադրված է Թուրքիայում» մակնշմամբ արտահանում է Եվրամիության երկրներ: Այսպիսի պնդում է արել Շվեյցարիայի խորհրդարանի «Պահպանողական ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր Բերնհարդ Գուլը:
Պատգամավորը խորհրդարանից պահանջել է ուսումնասիրություն սկսել՝ պարզելու համար թեմայի մանրամասները: Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Գուլը հայտարարել է, որ Թուրքիան իր վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջանի զեյթունի այգիներից թալանած բերքի իրացումից ստացված եկամուտով ֆինանսավորում է Սիրիայում իր կողմից աջակցություն ստացող խմբավորումներին, հայտնում է Ermenihaber-ը:
«Թուրքիայի օկուպացիայի տակ գտնվող Աֆրինում ձիթապտղի այգիները թալանվում են թուրքական ուժերի ու Անկարայի կողմից աջակցություն ստացող զինյալների կողմից: Գողացված բերքը վաճառվում է Իսպանիայում»,- ասել է Շվեյցարացի խորհրդարանականը՝ պահանջելով թեմայի վերաբերյալ խորհրդարանի ուսումնասիրությունը:
Ավելի վաղ էլ իսպանական Publicoթերթը «Աֆրինի զեյթունը շրջանում վերամշակվում է և ուղարկվում Թուրքիա» վերնագրով հոդվածում գրել էր, որ Աֆրինում վերամշակված ձիթապտղի ձեթն ուղարկվում է Թուրքիա և միջնորդ ընկերությունների միջոցով «արտադրված է Թուրքիայում» մակնշմամբ արտահանվում:
2018-ի հունվարի 21-ին Թուրքիայի զինված ուժերը «Սիրիական ազատ բանակ» (ՍԱԲ)զինված խմբավորման հետ միասին Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում սկսեցին իրականացնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Դրա հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից և ներկայումս այն լիովին վերահսկվում է թուրքական զինուժի ու ՍԱԲ-ի զինյալների կողմից։ Բազմաթիվ երկրներ Թուրքիայի գործողություններն Աֆրինում մինչ օրս համարում են օկուպացիա։






