AM
8 April 2019 - 13:34 AMT

ՀՀ-ն ու ՌԴ-ն սկսել են հումանիտար օգնության առաքումն Իրան

Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան է շարժվել ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը:

Օգնության խմբաքանակն Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց:

Շարասյան ավարտական կետն Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:

Իրանում ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 70-ի: Տարերքը տասնյակ հազարավոր մարդկանց է վնասել, ըստ Իրանի ԶԼՄ-ների, տուժել է 1,9 հազար քաղաք և գյուղ: Վնասվել են նաև ենթակառուցվածքները, ինչպես նաև խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը: