Երևան Մոլ առևտրաժամանցային կենտրոնի նախաձեռնած «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագիրն ավարտվել է: Այն իրականացվել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ դիզայներների գործակցության արդյունքում: Նախագծի նպատակն էր անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի անվճար կանխարգելիչ հետազոտությունների համար գումարի հավաքագրումը:
Մոտ 1 ամիս Երևան Մոլի կենտրոնական ատրիումում գործում էր ցուցահանդես վաճառք, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների արտադրած հագուստ ու աքսեսուարներ: Մարտի 11-ից ապրիլի 9-ը դրանց վաճառքից գոյացել է 543,000 դրամ գումար, որի 50%-ին Երևան Մոլն իր կողմից կավելացնի ևս 750,000 դրամ և ամբողջ գումարը կփոխանցի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: Իր հերթին, Կենտրոնը ծրագրի շրջանակում գրանցված կանանց մատուցվող ծառաությունների արժեքը կզեղչի 50%-ով, ինչը մոտ 100 կանանց հետազոտվելու հնարավորություն կտա: Հաճախորդի համար հետազոտությունն ամբողջությամբ անվճար կլինի:
Երևան Մոլը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքանությանը, հետագայում ևս կորպորատիվ սոցիական պատասխանատվության ծրագրի շրջանակում նմանատիպ բարեգործական ակցիաներ կիրականացնի:
Երևան Մոլը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում է, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։