Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգը հայտարարել է, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետ սահմանել՝ 3 տարի, վերականգնելու համար հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տաճարի հիմնական կառույցն ու արվեստի հիմնական գործերը պահպանվել են պետական ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ: Նոտր Դամի ներկայացուցիչ Անդրե Ֆինոյի խոսքերով, վնասը հրդեհից դեռ վաղ է գնահատել:
«Երեկ ես լսեցի, որ վերականգնման համար մոտ 10 տարի կպահանջվի: Սա կատա՞կ է: Հարկավոր է սեղմ ժամկետ սահմանել, ինչպես արել ենք նախկինում , բացառիկ օբյեկտների պարագայում: Հարկավոր է նույնը հիմա է անել, ոչ թե 10-15 տարի տանք մեզ, այլ 3 տարի»,-ասել է Լանգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:
Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։