Ինդոնեզիայում ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցած առնվազն 272 աշխատակից մահացել է, ևս 1878-ը հիվանդացել է գերհոգնածությունից՝ կապված չկանոնակարգված աշխատանքի հետ: Այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի ԿԸՀ մամուլի քարտուղար Արիֆ Պրիյո Սուսանտոն:
Ըստ նրա, ֆինանսների նախարարությունն աշխատում է զոհվածների ընտանիքներին փոխհատուցում հատկացնելու վրա, գրում է Deutsche Welle-ն:
Ինդոնեզիայում ապրիլի 17-ին միաժամանակ ընտրել են նախագահի, Ժողովրդական խորհրդատվական կոնգրեսի պատգամավորների, ՏԻՄ անդամների: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ավելի քան 245,000 թեկնածու, որոնք պայքարել են 20,000 պատգամավորական տեղի համար: Աննախադեպ ծավալուն ընտրությունների շրջանակում պահանջվում էր ձեռքով միլիոնավոր քվեաթերթիկներ հաշվել:
810, 000 ընտրատեղամասում մոտ 6 մլն աշխատակից է աշխատել: Փորձագետները Ինդոնեզիայի քվեարկությունը որակել են որպես «աշխարհի ամենաբարդ ընտրություններ»: