Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ կարող են անցկացնել: Այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովի և Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի Բաքվում կայացած հանդիպմանը:
Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ու ուսումնակրթական ոլորտներում համատեղ գործողություններին առնչվող հարցեր, ինչպես նաև երկու երկրների բանակների ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ զորավարժությունների անցկացումը:
«Բաքուն մեծապես կարևորում է Մինսկի հետ գործակցությունը ռազմական ոլորտում: Մեծ ներուժ կա ռազմատեխնիկական և ուսումնառազմական ոլորտներում բելառուսա-ադրբեջանական գործակցության համար»,-ասել է Սադիկովը, հայտնում է Interfax.az-ը:
Սադիկովը վստահություն է հայտնել, որ «Բելառուսն առաջիկայում ևս կսատարի Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ինչպես ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ, «Բելառուսի Գլխավոր շտաբի պետը մեկ անգամ ևս հայտնել է ադրբեջանական կողմին, որ Մինսկը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը Բաքվում քննարկել են պաշտպանական ոլորտում նոր խոշոր նախագծերի իրականացման ուղղությունները:
2018-ի սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: