Իսրայելը վերջին 24 ժամում 2 հրթիռային հարված է հասցրել Սիրիայի թիրախներին: Այդ մասին հայտնում են պետական սիրիական ԶԼՄ-ները:
Հոմս գավառում հարձակման է ենթարկվել ռազմական օդանավակայանը, մեկ զինծառայող է զոհվել, 2-ը վիրավորվել են: Խոցվել է զինամթերքով պահեստը: Աղբյուրները սիրիական բանակում պնդում են, որ նրանց հաջողվել է 2 իսրայելական հրթիռ չեզոքացնել, գրում է Deutsche Welle-ն:
Նույն օրվա առավոտյան Իսրայելի ՌՕՈւ-ն հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական բանակին Դամասկոսի մատույցներում՝ 3 սիրիացի զինվոր է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել:
Ըստ սիրիական հեռուստատեսության, երկրի ՀՕՊ-ը «հետ է մղել թշնամու գրոհը»: Ընդդիմադիր «Մարդու իրավունքների սիրիական դիտարկման խորհուրդը» հայտնել է, որ իսրայելյան հրթիռները պահեստներ ու դիրքեր են խոցել, որոնցից օգտվում էր սիրիական բանակը, ինչպես նաև Իրանից և Լիբանանի «Հեզբոլլահի» մարտիկները:
Իսրայելցի զինվորականները հաստատել են հարվածների փաստը՝ մատնանշելով, որ հարվածները հասցվել են Գոլանի բարձունքների ուղղությամբ հունիսի 1-ին արձակված հրթիռներին ի պատասխան: Իսրայելի բանակի ներկայացուցիչը նշել է, որ դեռ պարզ չէ, թե հատկապես ով է հրթիռներ արձակել Գոլանի ուղղությամբ, սակայն Իսրայելը պատասխանատու է համարում Սիրիային, քանի որ հրթիռներն արձակվել են այդ երկրի տարածքից: