Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ռումինիա այցի շրջանակում կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն է խնդրել գնչուներից բազմամյա խտրականության համար:
Ռումինական Բլաժում գնչուների հետ հանդիպմանը նա ներողություն է խնդրել «պատմության այն ժամանակների համար, երբ կաթոլիկները խտրականության, դաժան վերաբերմունքի են արժանացրել կամ խեթ են նայել գնչուների վրա», գրում է BBC-ին:
Այժմ գնչուները (ռոմա) առավելապես բնակվում են Հարավային և Կենտրոնական Եվրոպայում: Ռումինիայում նրանք բնակչության մոտ 10 տոկոսն են կազմում: Գնչուները բողոքում են, որ իրենց համար դժվար է աշխատանք գտնել խտրականության պատճառով և շատերն աղքատության մեջ են ապրում:
«Ես ներողություն եմ խնդրում՝ հանուն Եկեղեցու և Տիրոջ, ներողություն եմ խնդրում: Անտարբերությունը նախապաշարմունք է ստեղծում և սնուցում ցասումն ու վիրավորանքը: Որքան հաճախ ենք դատում կողմնակալ, խոցող խոսքերով ու հայացքներով, որոնք ատելություն ու պառակտում են սերմանում»,-ասել է Ֆրանցիսկոսը:
Եվրամիությունը գնչուներին պաշտոնապես համարում է Եվրոպայի խոշորոագույն ազգային փոքրամասնություն: Նացիստական Գերմանիան հետապնդում էր գնչուներին, և ըստ պատմաբանների, հարյուր հազարավոր մարդիկ սպանվել են: Գնչուները բողոքում են Եվրոպայում խտրականությունից՝ բնակության վայր ու աշխատանք որոնելիս: