Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանությունից հետո նրա հայրը հայտարարել է, որ հանցագործության մեջ հայեր են կասկածվում: Նրա խոսքերով, նրանց մեծ մասը փախել է Հայաստան, իսկ հարձակվողներից մեկը ձերբակալված է, հայտնում է ՌԲԿ-ն:
ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը՝ նշելով, որ քննիչներն ակտիվ աշխատում են:
«Ես այսօր շփվել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատել են սպանության վայրում: Նրանք ասացին, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզվել է, մեկը ձերբակալված է՝ նրա հետ այժմ աշխատում է քննչական մարմինը: Գործով անցնողների մեծ մասը մեկնել է Հայաստան: Ինձ ասացին, որ այսպիսի գործով Հայաստանը բոլորին կարտահանձնի, դա գրեթե հստակ է»,-ասել է զոհվածի հայրը:
Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նա միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար:Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան:
Հարձակվողները փախել են, «Շտապ օգնությունը» պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը:
Ըստ ՌԵՆ ՏՎ-ի, սպանության գործով կասկածյալներից մեկը տեղի բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը հունիսի 2-ի առավոտյան չվերթով հեռացել է ՌԴ-ից: Ըստ որոշ տվյալների, նա Երևան է մեկնել:






