ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցավակցություն է հայտնել մերձմոսկովյան Պուտիլկովոյում սպանված նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:
Բելյանկինի սպանության կասկածանքով 2 հայ է ձերբակալվել:Նրանք մերձմոսկովյան «Բիր Հաուս» ռեստորան այցելած հայաստանցիներ են:Ըստ ձերբակալվածների, տեղաբնակներից մեկը վիրավորել է իրենց, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը: Բելյանկինը օգնության է շտապել տեղաբնակներին:
«Մերձմոսկովյան շրջանում կատարվածն իսկական ողբերգություն է: Վստահ ենք, որ մեղավորները կկրեն պատիժն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք, որ պատրաստ ենք ամեն ինչով աջակցել ՌԴ քննչական մարմիններին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում:
Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նա միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար:Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան:
Հարձակվողները փախել են, «Շտապ օգնությունը» պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը:






