AM
10 June 2019 - 09:50 AMT

Քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծը լրամշակվում է, հանրային քննարկման կդրվի

ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի մարտին շրջանառության մեջ էր դրել քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծ, որը կարճ ժամանակ անց հեռացվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական Е-Draft հարթակից:

Նախարարությունից այդ ժամանակ հայտնեցին, որ լրամշակման համար հարթակից հեռացված նախագիծը մի քանի օրում դարձյալ կներկայացվի հանրային քննարկման, սակայն այն ավելի քան երեք ամիս է չի դրվել շրջանառության մեջ:

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց, որ նախագիծը շարունակում է մնալ լրամշակման փուլում և առաջիկայում դրվելու է շրջանառության մեջ, ինչի մասին հանրությունը պատշաճ կտեղեկացվի:

Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը քրեականցվում էր: Նշվում էր, որ երևույթի տարածման և կանխման մեխանիզմների մշակման ընթացքում ուսումնասիրվել է հետխորհրդային երկրների փորձը:

«Ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար», – նշված է նախագծում: