AM
31 Հուլիս 2019 - 13:36 AMT

Մայիլյան. Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի կայունության ապահովմանը տարածաշրջանում

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և անվտանգության քաղաքականությունը։ Արցախի ԱԳ նախարարն Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռեքս Պատրիկի հետ։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության և դրա աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Այս համատեքստում արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որն առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Մասիս Մայիլյանը կարևորել է նաև Ավստրալիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումն ու երկու երկրների միջև տարբեր մակարդակներով համագործակցության հաստատումը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։