Ամերիկայի հրեական կոմիտեն խիստ մտահոգություն է հայտնել իսրայելական բանակի կողմից Երուսաղեմի հայկական պատրիարքության հողերի բռնագրավման առնչությամբ: Կոմիտեի ղեկավարությունն Իսրայելի պաշտպանության նախարարին կոչ է արել սերտ համագործակցել հայկական պատրիարքության հետ Իսրայելը եւ Պաղեստինը բաժանող պատի շինարարության հարցում: Ուղերձում, մասնավորապես, նշված է, որ տարիներ շարունակ հրեական եւ հայկական համայնքները գործադրում են բոլոր ջանքերը լիակատար փոխըմբռնում եւ փոխադարձ հարգանք ձեռքբերելու համար: Միեւնույն ժամանակ, Ամերիկայի հայկական պատրիարքության հաղորդման համաձայն, հայկական եկեղեցու առաջնորդներն ընդհանուր առմամբ չեն քննադատել պատի կառուցումը, սակայն առարկել են պատրիարքության տարածքով բաժանող պատի շինարարության դեմ: Հայկական պատրիարքության հողերը բռնագրավելու փաստը հետաքննելու կոչով Իսրայելի պաշտոնական իշխանություններին են դիմել նաեւ տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչները: Ինչպես Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին ուղղված իր ուղերձում նշել է Եկեղեցիների ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ռոբերտ Էդգարը, այդ փաստն առաջ է բերել նաեւ Իսրայելի այլ կրոնական փոքրամասնությունների խիստ մտահոգությունը: