«Հայփոստի» առանձին բաժանմունքների աշխատակիցներ կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում կոռուպցիոն բնույթի գորողություններ են կատարել՝ ստանալով 100-ից 200-ական ՀՀ դրամ գումարներ:
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության հիման վրա կատարված այս բացահայտումը «հիմք է տվել ողջամիտ ենթադրություններ անելու», որ ապօրինի գումարների հավաքագրման գործողությունների կատարումը կարող է տարածված լինել նաև մարզի տարածքում գործող «Հայփոստի» այլ բաժանմունքներում ևս:
Լոռու մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու ընկերության փոստային բաժանմունքներում հնարավոր նմանատիպ երևույթները չեզոքացնելու և կենսաթոշակառուներից գումարներ հավաքագրած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Հաշվի առնելով, որ ստացված գումարը չի գերազանցել սահմանված չափը՝ նախաքննական մարմինը որոշել է կարճել քրեական գործով վարույթը և չիրականացնել քրեական հետապնդում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Ինչպես նշվում է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ստացվել են բազմաթիվ հաղորդումներ «Հայփոստի» տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից կենսաթոշակների կանխիկ վճարման ծառայություններն ակնհայտ այլ խախտումներով իրականացվելու վերաբերյալ:
Խախտումները վերաբերել են կանխիկ եղանակով կենսաթոշակների և նպաստների ստացմանը:
Պարզվել է, որ 2019թ. ապրիլ և նախորդ ամիսներին հանրապետությունից տևականորեն, առանձին դեպքերում մեկ տարուց ավելի բացակայող բազմաթիվ շահառուներ այդ ողջ ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից վճարվել են: Դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա տրվել են ստուգողական միջոցառումներ իրականացնելու, առանձին դեպքերում քրեական վարույթներ հարուցելու հանձնարարություններ: