Սոցիալական ցանցերում օգտատերերի ահազանգերից հետո ուսումնասիրվել է Ախթալա խոշորացված համայնքի կազմի մեջ ընդգրկված Նեղոց բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների որակը:
Լոռու մարզպետարանի հաղորդմամբ, պարզվել է, որ ասֆալտի ճաքերն առաջացել են տվյալ հատվածի թեքության և հիմքերի պաստառի ավազակոպճային խառնուրդի անհամապատասխանության հետևանքով:
Ասֆալտապատումը կատարած «Թումանյանի ՃՇՇՁ» կազմակերպությանը հանձնարարել են մեկ շաբաթվա ընթացքում վերացնել թերությունները և իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան աշխատանքներ:
Իրականացվել է վարույթ, ընկերությունն ծանուցվել է, որ սեպտեմբերի 26-ին ենթարկելու են վարչական տույժի՝ 50 հազար դրամ՝ գիտեխնիկական հսկողության ոչ պատշաճ իրականացման և ևս 50 հազար դրամ՝ նախագծից շեղվելու համար:
«Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում» Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեկարգել Ախթալայի թիվ 2 դպրոց տանող ճանապարհը, Շահումյան փողոցը և հարակից 300 մետր երկարությամբ մայթը, Շամլուղի 11-րդ եւ 8-րդ (դեպի դպրոց տանող) փողոցները, Նեղոցի Արմեն Գրիգորյան փողոցը, Ճոճկան գյուղի մշակույթի տան բակը: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54.459.090 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը՝ 24.506.590 ՀՀ դրամ, պետության հատկացրած գումարը՝ 29.952.500 ՀՀ դրամ:






