Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը «զբոսաշրջային զգուշացում» է թողարկել, որտեղ թվարկվում են այն պետությունները, որոնք խորհուրդ չի տրվում այցելել սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ հրեաները նշում են տոնական տիշրեյ ամիսը: Ցուցակում է նաև Հայաստանը:
Ցուցակում նշված է 6 հիմնական «թշնամական երկիր», ուր խորհուրդ չի տրվում այցելել: Դրանք են՝ Իրանը, Իրաքը, Եմենը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Որպես վտանգավոր են նշված նաև այդ «թշնամական երկրները» շրջապատող պետությունները:
«Խորհուրդ չի տրվում մեկնել «Իրանը շրջապատող» երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, կենտրոնական և հարավ-արևելայն Ասիա, Մերձավոր Արևելք»,-ասվում է ցանկում, հայտնում է իսրայելյան 9tv ալիքը:
Իսրայելցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նաև ձեռնպահ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան մեկնելուց, քանի որ այդ երկրներում ջիհադականները հրեաների դեմ հարձակումների համար մեծ ցանց ունեն:






