AM
28 Նոյեմբեր 2019 - 10:28 AMT

Զասը հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարները Բիշքեկում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին: Նա պաշտոնը կստանձնի 2020-ի հունվարի 1-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

«Հարցեր առաջացան գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված: Սակայն, այսօր անդամ պետությունների ղեկավարները շնորհավորեցին Զասին հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու առիթով»,-ասել է լրագրողներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է.«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»:

Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:

Սեմերիկովը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է ի կատարումն 2015թ. Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, որտեղ «հստակ կանոնակարգված է գլխավոր քարտուղարի նշանակումը ռոտացիայի սկզբունքով՝ ըսռ ռուսական այբուբենի: Պաշտոնավարում էր ՀՀ-ն, իսկ 2020-ի հունվարի 1-ից Բելառուսի հերթն է»,-հավելել է Սեմերիկովը:

Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականությունները կատարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել էր Երևանի ու Մինսկի միջև որոշակի լարվածության պատճառ։