ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քանի դեռ զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը, Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ: Այդ մասին ասվում է նրա ուղերձում, որն ուղիղ հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:
«Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանին երբեք չի թույլատրվի միջուկային զենք ունենալ»,- հայտարարել է Թրամփը, մեջբերում է Lenta.ru-ն:
Նա հավելել է, որ Թեհրանը պետք է «հրաժարվի իր միջուկային հավակնություններից» և դադարեցնի աջակցել ահաբեկչությանը:
Բացի այդ, Թրամփը նշել է Թեհրանի դեմ նոր խիստ պատժամիջոցների մասին: Նա նաև կոչ է արել Իրանի հետ միջուկային գործարքի միջնորդ երկրներին հրաժարվել համաձայնագրին սատարելուց:
Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։
Հունվարի 3-ին Թրամփի հրամանովի հասցված ավիահարվածի արդյունքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանն ավելի ուշ վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։