AM
9 January 2020 - 07:44 AMT

Ավստրալիայում հրդեհներից ավելի քան 1 մլրդ կենդանի է անկել

Ավստրալիայում անտառային հրդեհներից ավելի քան 1 մլրդ կենդանի և թռչուն է անկել, ասվում է Սիդնեյի համալսարանի հետազոտման մեջ:

Հետազոտման հեղինակ, պրոֆեսոր Քրիս Դիկմանը նշել է, որ միայն Նոր Հարավային Ուելսում հրդեհներից անկել է մոտ 800 մլն կենդանի: Ընդ որում, թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) 2007-ի զեկույցի վրա, իսկ իրական պատկերը կարող է շատ ավելի վատը լինել, հայտնում է Lenta.ru-ն:

Գիտնականի խոսքով՝ կենդանիներն անկում են հրդեհից, կերի պակասից հրդեհների հետևանքով ամայացած բնակության վայրերում, իսկ եթե կարողանում են փախչել անվնաս տարածքներ՝ գիշատիչների զոհ են դառնում, կամ էլ առհասարակ չեն կարողանում մրցակցել այնտեղ բնակվող կենդանիների հետ:

Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները որոշել էին մի քանի հազար ուղտ սպանել, քանի որ կենդանիները չափից շատ ջուր են օգտագործում, որն անհրաժեշտ է հրդեհները մարելու համար:

Ավստրալիայում հրդեհները մոլեգնում են 2019-ի սեպտեմբերից: Դրանց հետևանքով արդեն 19 մարդ է զոհվել: