Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանի մերձակայքում աղետի ենթարկված ուկրաինական Boeing 737-ի հրթիռակոծման վարկածը հաստատված չէ:
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր ներկայացուցիչների հետ: Հրթիռով ինքնաթիռի խոցման վարկածը չի բացառվում, բայց այսօրվա դրությամբ այն հաստատված չէ»,- նշել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում:
Նա կոչ է արել ԱՄՆ, Կանադայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին ավիավթարի տարբեր պատճառների ապացույցներ ներկայացնել և փոխանցել դրանք հանձնաժողովին, հայտնում է Gazeta.ru-ն::
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կործանված ինքնաթիռը, ըստ կանադական հետախուզության տվյալների, խոցվել է Իրանի կողմից «ցամաք-օդ» դասի հրթիռով: Ըստ նրա՝ հնարավոր է, որ դա միտումնավոր չի արվել:
Զելենսկին նաև հայտնել է, որ հունվարի 10-ին մտադիր է հետաքննության ընթացքի մասին խոսել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն Իրանում ուկրաինական Boeing 737-ի կործանման 3 վարկած ունի. դրանց թվում չէին բացառվել նաև հրթիռային հարվածն ու ահաբեկչությունը:
Հունվարի 8-ին կործանված բոինգում 176 մարդ է եղել, որոնք բոլորը զոհվել են:
Կապակցված նյութ՝ Կանադան և Մեծ Բրիտանիան հայտարարել են՝ Թեհրանում վթարված Boeing 737-ը խոցվել է հրթիռով