Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ Քարվաճառ այցից հետո ՀԷԿ-երի կառուցման դեմ դասադուլով բողոքող աշակերտները խոստացել են դադարեցնել այն, իսկ հացադուլ հայտարարած բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հետ քննարկվել են որոշ հարցեր, տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը:
Ավելի վաղ Քարվաճառում ՀԷԿ-երի կառուցման դեմ որպես բողոք դպրոցականները դասադուլ էին հայտարարել, իսկ բնակիչներից Ալեքսանդր Քանանյանը՝ հացադուլ: Նրանք պահանջում էին դադարեցնել ՀԷԿ-երի շինարարությունը: Քանանյանը հայտնել էր, որ Արցախի էներգահամակարգի զարգացման պատրվակով սակավաթիվ օլիգարխներ գերշահույթ են ստանում Արցախի բնությունն ավերելու հաշվին:
Պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
Անդրադառնալով հայտարարված դասադուլին՝ Բեգլարյանն ընդգծել է, որ նախընտրելի չէ երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը, մանավանդ, երբ խոսքը կրթության սահմանափակման մասին է:
Բեգլարյանն աշակերտներին կոչ է արել հրաժարվել դասադուլի մեթոդից՝ քաղաքացիական ակտիվությունը դրսևորելով արտադպրոցական գործողություններով ու երկարաժամկետ պատասխանատվությամբ:
Դպրոցականները խոստացել են հետևել ՄԻՊ հորդորին և դադարեցնել դասադուլը, բայց նաև նշել են, որ ակտիվորեն հետևելու են շրջանի բնակչությանը հուզող բնապահպանական հիմնախնդիրների լուծման ընթացքից:
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է նաև նույն պատճառով հացադուլ անող Ալեքսանդր Քանանյանի հետ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով և քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքը, արդյունքներն ու դժվարությունները:
Ըստ Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ Շահումյանի շրջանում արդեն գործում է 6 ՀԷԿ, ևս 4-ը դեռ կառուցման փուլում են: Շահումյանի շրջանում առաջին ՀԷԿ-ը գործարկվել է 2015-ին:






