AM
31 January 2020 - 10:53 AMT

ԶԼՄ. Թուրքիան ուզում է ռազմակայան կառուցել Լիբիայի մայրաքաղաքի մոտ

Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ Տրիպոլիից ոչ հեռու ռազմակայան կառուցելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ անանուն ռազմական աղբյուրներին հղումով:

Ըստ հեռուստաալիքի՝ ռազմակայանում նախատեսվում է թուրքական հատուկ նշանակության ուժեր և Թուրքիայի ՌԾՈւ ստորաբաժանումներ տեղակայել, թռիչքուղի ու կապի կետ ստեղծել: Բացի այդ նշվում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը քննարկում է Անկարայի հետ թուրքական ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր գնելու հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիան Սոմալիից և Քենիայից գրոհայինների է տեղափոխել Լիբիա և գործարք կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ՝ ՀՕՊ համակարգերի առաքման վերաբերյալ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև այդ հայտարարել էր Լիբիա զորքեր ուղարկելու մասին։

2011-ին Մուամմար Քադդաֆիի ռեժիմի տապալումից և վերջինիս սպանությունից հետո Լիբիայում պայքար է ընթանում իշխանության համար, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի և փաստացի երկիշխանություն է առաջացրել երկրում։

Լիբիայում արդեն մի քանի տարի է գործադիր իշխանության 2 մարմին է զուգահեռ գործում. միջազգայնորեն ճանաչված Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը և երկրի արևելքում գործող Աբդալլահ Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որին սատարում է Լիբիայի ազգային բանակը ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի գլխավորությամբ: