Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին կապերի հանձնաժողովը կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին։ Նշվել է նաև, որ Թուրքիայում օրենքի գերակայության առջև ծառացած խոչընդոտները պետք է հաղթահարվեն։
2020-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն իր առաջին այցն է կատարել Թուրքիա, գրում է Ermenihaber-ը:
Պատվիրակության անդամները շեշտել են, որ այդ երկիրը պարտավոր է իրականացնել Մարդու իրավուքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները և այդ համատեքստում ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին և գործարար Օսման Քավալային, ինչպես նաև անընդունելի համարել ազատ արձակման որոշումից հետո Քավալային կրկին կալանավորելու որոշումը։
Անկարայում հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, պաշտոնանկ արված Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքի և լրագրողների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է Թուրքիայի արդարադատության ոլորտում իրավիճակը։ Եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ Թուրքիայից առաջին սպասելիքը դատական համակարգի անկախությունն է։
Հայտնի թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալան, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով, կրկին ձերբակալվել է:
Քավալան հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Anadolu Kültür հիմնադրամը՝ տարիներով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ կազմակերպելով։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն: