Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը COVID-19 (Sars CoV-2) կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստում է կլինիկական փորձարկումների՝ մարդկանց մասնակցությամբ: Առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Վարակիչ հիվանդությունների և ալերգիայի ազգային ինստիտուտի (NIAID) մասնագետներին, գրում է Deutsche Welle-ն՝ The Wall Street Journal-ին հղումով:
Ինստիտուտի փորձագետները հուսով են, որ ապրիլի վերջին թեստեր կսկսեն անցկացնել երկու տասնյակ կամավորի հետ, իսկ փորձարկումների նախնական արդյունքները կարող են հրապարակվել հուլիս-օգոստոսին: Այդ մասին ասել է NIAID-ի ղեկավար Էնթոնի Ս. Ֆաուչին: Սակայն, պատվաստումը 2021-ից շուտ հասանելի չի դառնա, քանի որ անհրաժեշտ կլինեն լրացուցիչ հետազոտություններ և հավելյալ աշխատանք:
Նշվում են պատվաստանյութի մշակումից մինչև մարդկանց մասնակցությամբ առաջին փորձարկումների միջև ռեկորդային ժամկետները:
2002-ին ատիպիկ թոքաբորբի դեպքում դրա համար ավելի քան 1,5 տարի պահանջվեց:
Հունվարի սկզբին չինացի գիտնականները հրապարակեցին նոր տիպի վիրուսի նուկլեոտիդային հաջորդականությունը, ինչը թույլ տվեց մասնագետներին սկսել պատվաստանյութի մշակման աշխատանքները:
Փետրվարի 26-ի դրությամբ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման մոտ 81,000 դեպք է գրանցվել, գրեթե 9000-ի վիճակը ծանր է, ավելի քան 30,000 մարդ ապաքինվել է: Մահացել է 2760 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը Չինաստանում է՝ 2715 մարդ: Երկրորդ տեղում Հարավային Կորեան է՝ 1146 վարակված և մահվան 12 դեպք: Եվրոպայում ամենածանր վիճակն Իտալիայում է՝ 322 հիվանդ և 11 մահացած: