Կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել անհատական հիգիենային, առողջապահական կազմակերպությունների ու գերատեսչությունների ցուցումներին, վիրուսի ախտանշանների դեպքում` չզբաղվել ինքնաբուժությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի ամենատարածված ախտանշաններից են ջերմությունը, հազն ու թուլությունը:
Որոշ վարակակիրների մոտ, սակայն, կարող են ի հայտ չգալ ախտանշաններ: Մարդկանց 80%-ի դեպքում վիրուսից բուժվում են՝ ընդ որում, առանց հատուկ կուրսի:
Հիվանդությունը մարդուց մարդու է փոխանցվում հազալու կամ փռշտալու արդյունքում առաջացող կաթիլների միջոցով, որոնք կարող են ընկնել մարդու կամ նրան շրջապատող առարկաների և իրերի վրա: Կարևոր է հնարավոր վարակակրից հետավորություն պահպանել: Քիչ, բայց հավանական է, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել նաև վարակակիր, բայց ընդգծված ախտանշաններ չունեցող անձնից:
Վիրուսի մասնիկները ձեռքերից վերացնելու համար անհրաժեշտ է պարբերաբար լվացվել օճառով, մաքրել ձեռքերն ալկոհոլային հիմքով գելերով:
Չի կարելի ձեռքերով դիպչել գլխին, քթին, բերանին: Անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի կանոնները. հազալիս կամ փռշտալիս փակել բերանն անձեռոցիկով կամ արմունկով՝ թույլ չտալով, որ վարակի հնարավոր մասնիկները փոխանցվեն շրջապատող մարդկանց:
Վիրուսային ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել բժիշկներին: Նույնիսկ թեթևակի վատ զգալու, թույլ գլխացավի և թեթև արտահայտված ախտանշանների դեպքում պետք չէ տնից դուրս գալ:
Կորոնավիրուսը բարդություններով է ընթանում տարեց մարդկանց, ինչպես նաև սոմատիկ հիվանդություններ ունեցողների մոտ (սրտի հիվանդություններ, դիաբետ):
Մարդիկ, ովքեր վարակի ախտանշաններ չունեն, կարիք չունեն նաև դիմակ կրելու. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել վիրուսի ախտանշաններ ունեցողներին, նրանց խնամողներին, բժշկական հաստատություններում աշխատողներին:
Կորոնավիրուսի պարագայում հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի, անհրաժեշտ չէ նաև կորոնավիրուսի կանխարգելման համար նախապես հակաբիոտիկներ խմել:
ԱՀԿ-ից հայտնում են նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չի ստեղծվել: Ընտանի կենդանիներից կորոնավիրոսով վարակվելու գրանցված դեպք ևս չկա:
Մարտի 2-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 89,000-ը, իսկ մահացածներինը՝ 3000-ը: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մեկ դեպք՝ Իրանից եկած ՀՀ քաղաքացու մոտ: Նա ինֆեկցիոն հիվանդանոցում է: Իրանից վերադարձած ևս 31 քաղաքացի գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: