AM
3 March 2020 - 07:39 AMT

Մարտի 1-2-ին Թուրքիայից Հունաստան 1200 փախստական է գնացել

Թուրքիայի կողմից սիրիացի փախստականների համար սահմանը բացելուց հետո մոտ 1200 փախստական հատել է Հունաստանի սահմանը, հայտարարել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից, փոխանցում է Ինտերֆաքսը:

ՄԱԿ-ից հայտնել են, որ քննադատում են Աթենքի կողմից փախստականների համար ապաստան հայցելու դիմումների դադարեցումը: Կազմակերպությունից նշել են նաև, որ դրա համար իրավական հիմքերը չկան:

Միգրացիոն նմանատիպ իրավիճակում՝ ՄԱԿ-ից Հունաստանին և ԵՄ-ին կոչ են արել իրենց սահմաններում գտնվող մարդկանց «չթողնել բախտի քմահաճույքին»՝ նշելով, որ կարևոր են Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի հարևան մյուս պետությունների օգնությունը:

Սիրիական Իդլիբում կոնֆլիկտի հետևանքով փախստականների թիվը մոտ 950,000-ի է հասել: Ավելի վաղ Թուրքիան այդ նահանգում ռազմական գործողությունների արդյունքում իր 33 զինվորի սպանությունից հետո հայտարարել էր, որ փախստականների համար կբացի սահմանը դեպի Եվրոպա: Նախագահ Էրդողանը նշել էր, որ դեպի Եվրոպա կուղղվեն միլիոնավոր փախստականներ:

Սրան զուգընթաց՝ Եվրոպայում վախենում են միգրացիոն նոր ճգնաժամից: Հունաստանը լրացուցիչ ուժեր է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին և մեկ ամսով դադարեցրել է ապաստան հայցողների դիմումների ընդունումը: