ԱՄՆ-ն չունի հետախուզական տվյալներ Սիրիայում թուրք զինծառայողների գնդակոծմանը ՌԴ ավիացիայի առնչության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին:
Նա հավելել է, որ շփվել է ՌԴ և Թուրքիայի իր գործընկերների հետ և «շուտափույթ ապաէսկալացիայի կոչ արել», գրում է ՌԻԱ Նովոստին:
Իսկ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ շահարկել ՆԱՏՕ-ի, Հավաքական պաշտպանության մասին պայմանագրի 5-րդ կետի կիրառումը՝ Թուրքիայի և Սիրիայի շուրջ իրավիճակի համատեքստում:
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով «պայմանագրի մասնակից երկրներից մեկի դեմ զինված հարձակումը, Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում, դիտարկվում է որպես հարձակում դաշինքի վրա»:
«Ես չեմ շահարկի 5-րդ հոդվածի թեման այս պահին: Պարզ է, որ Թուրքիան ներքաշված է այնտեղ ռազմական գործողությունների մեջ: Մենք կգործենք քայլ առ քայլ»,- ասել է Էսպերը:
Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարեց, որ ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Թուրքիայի ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իր հերթին, ասաց, որ փետրվարի 27-ից հետո թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն 2212 զոհ ունի:
Փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինվորական է սպանվել:
Ընթերցեք նաև. Էրդողան. Թուրքիան չի թիրախավորի ՌԴ և Իրանի դիրքերը Սիրիայում