AM
6 March 2020 - 10:59 AMT

Ավստրիայի ԱԳՆ. ԵՄ-ն թույլ չի տա Թուրքիային շանտաժի ենթարկել իրեն փախստականների հարցով

Եվրամիությունը թույլ չի տա Թուրքիային շանտաժի ենթարկել՝ ապօրինի ներգաղթյալների հոսք կազմակերպելով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ Զագրեբում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա` Թուրքիայի վարքագիծը, որը ցինիկաբար ճնշում է Եվրամիությանն անպաշտպան մարդկանց օգնությամբ, անընդունելի է:

«Կարևորն այն է, որ մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել»,- ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը:

Փետրվարի վերջին, երբ սիրիական բանակի հետ բախումներում 36 թուրք զինծառայող սպանվեց, Անկարան որոշեց չկասեցնել փախստականների հոսքը Սիրիայից, որոնք ձգտում են ԵՄ: Թուրքիայի իշխանությունները մոտ 100,000 են գնահատել սահմանը հատածների քանակը: ԵՄ-ն բանակցում է Թուրքիայի հետ և խոստնում է աջակցել փախստականների ներհոսքից տուժող Հունաստանին, Բուլղարիային և Կիպրոսին: Թուրքիայի և ԵՄ սահմանը փակ էր 2016-ից՝ Բրյուսելի և Անկարայի միջև առանց վիզաների ռեժիմի մասին պայմանավորվածության շրջանակում, որը սակայն, այդպես էլ չգործեց: