AM
7 Մարտ 2020 - 09:50 AMT

Աննա Հակոբյանը և Բրազիլիայի առաջին տիկինը խոսել են բարեգործական ծրագրերի մասին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուի հետ կարևորել է երկու երկրում իրականացվող բարեգործական ծրագրերը։

Աննա Հակոբյանը մարտի 6-ին մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada):

Աննա Հակոբյանն ու Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուն խոսել են իրենց դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերը։

Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը›› և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը։

Բոլսոնորուն էլ պատմել է, որ իր բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, հատկապես՝ խուլ-համրերի, սոցիալական ինտեգրումն է։ Բրազիլիայի առաջին տիկինը հետաքրքրվել է Հայաստանում տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերով։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին հրավիրել է Հայաստան։ Բրազիլիայի առաջին տիկինն ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա հոկտեմբեր ամսին։